Մի առիթով ասել եմ, որ Հայաստանում քաղաքագետներն ու քաղաքական վերլուծաբանները իրենց թվով ու որակով չեն զիջում աշխարհի ոչ մի երկրի: Դա լա՞վ է, թե՞ վատ: Լավ է, քանի որ բնական ընտրության օրենքով և քանակը որակի փոխվելու բնական և փիլիսոփայական անխախտ օրենքով, մենք պիտի ունենայինք մշակված և գործի դրված «քաղաքագիտություն» դիսցիպլինը, որը պիտի մշակեր ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգը, և անկախ այն բանից, թե ով է երկրի նախագահը և նրա կուսակցական պլատֆորմը, երկիրը պիտի գնար քաղաքական այդ ուղիով: Բայց Հայաստանում այդպես չէ: Կա քանակ, չկա որակ, ավելի ճիշտ՝ չկա արդյունք:
Բոլորը՝ առանձին -առանձին, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համար ունեն իրենց միակ ու ճշմարիտ քաղաքական հայեցակարգը: Վերջերս քաղաքացիական նախաձեռնությամբ (նախաձեռնող՝ Մարինե Վահրադյան) փորձ արվեց միավորել ու միաբանել քաղաքագիտական ասպարեզում հայտնի վերլուծաբաններին, որպեսզի նրանք քաղաքական դաշտում մշակեն, մեր երկրի համար այնքան կարևոր «ճանապարհային քարտեզը»: Բայց եկան, խոսեցին, տեսագրվեցին, անմահացան ու գնացին՝ ամեն մեկն իր աշտարակից խոսելու:
Ակամա մտաբերեցի Վլադիմիր Մայակովսկու պոեմներից մեկը՝ «Прозасидавщиеся » («Ժողովամոլները»): Ցավոք, մենք էլ ենք դարձել միայն կարծիք, գաղափարներ, ռազմավարություն ու մարտավարություն մշակողներ, բայց ոչ դրանք իրագործող կամ համախմբող մեկ ընդհանուր հայաստանանպաստ ուժ:
Քաղաքականությունը Ա-ից Բ կետ տանող ուղիղ ճանապարհ չէ, և քաղաքականության մեջ բնավ էլ երկու կետերի միջև եղած ամենակարճ գիծն ուղիղը չէ: Քաղաքականությունը ճշգրիտ գիտություն չէ, բայց և այնքան ճշգրիտ է, որ պահանջում է «Ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին» բանաձևն ու դրա անհապաղ իրագործումը: Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ, երբ Գերմանիայում ինչ-ինչ ուժերի դրդմամբ հայերին հրեաների պես ներկայացնում են որպես սեմական ծագում ունեցող ժողովուրդ, Նժդեհը բանակցությունների մեջ է մտնում կառավարական որոշակի ուժերի հետ, տպագրում է հայերի արիական ծագման վերաբերյալ գիտական ուսումնասիրություն և փրկում Եվրոպայի հայերի բնաջնջումը, իսկ Դրոն հայ գերիներից կազմում է լեգեոններ, որ Գերմանիայի հնարավոր հաղթանակի դեպքում հայերն այդ հաղթանակին գոնե երևութական մասնակցություն ունենային: Սա քաղաքականությո՞ւն էր, թե՞ ոչ: Այսօր մեր քաղաքագետներն անհասկանալի պատճառներով չեն միաբանվում մեկ ընդհանուր՝ Հայաստանը քաղաքական փակուղուց դուրս բերելու ծրագիր -հայեցակարգի շուրջը: Ինչո՞ւ: Պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ կլիներ, եթե Նժդեհն ու Դրոն խորշեին ֆաշիստների հետ համագործակցելուց (և՛ Նժդեհը, և՛ Դրոն լավ էին հասկանում ֆաշիզմի հակամարդկային էությունը, մանավանդ որ հայ ժողովրդի վերքերը դեռ չէին սպիացել թուրքերի իրականացրած ցեղասպանությունից) և զգուշանային իրենց կյանքի համար: Բայց նրանք քաղաքական ճկունություն ցուցաբերեցին: Այդ օրերին քաղաքական պահն օրհասական էր, բայց և որոշիչ: Այսօր նույնպես քաղաքական որոշիչ ժամանակներ են, բայց ձեր կյանքին վտանգ չի սպառնում, հարգելի՛ քաղաքագետներ, միաբանվե՛ք:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ